ՀՀ-ն ականազերծման հարցում կարող է աջակցել նաեւ այլ երկրների
«Բոլորս շատ լավ գիտակցում ենք ականազերծման նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության համար, եւ դա դիտարկում որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում: Ականային խնդիրն աղետների ռիսկի առաջացման աղբյուր է եւ աղետների դեպքում լուրջ խոչընդոտ կարող է դառնալ փրկարարական աշխատանքների իրականացման համար»,- ասել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը:
«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն էլ նշել է, որ ականային խնդրի լուծումը կապված է նաեւ երկրի տնտեսական ենթակառուցվածքների ու համայնքների համաչափ զարգացման հետ:
«Այս հուշագիրը համագործակցության նոր հարթակ է, որի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր: Միաժամանակ՝ սա մեր երկրին հնարավորություն կտա մյուս երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերել նաեւ ականազերծման գործընթացում»,- ասել է Ռուբեն Առաքելյանը:
Կողմերը համագործակցությունը կզարգացնեն հետեւյալ ուղղություններով՝
- Ականների վտանգի իրազեկում, որի նպատակն է նվազեցնել կամ չեզոքացնել ականների եւ/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների ազդեցությունը մարդկանց կյանքի եւ առողջության վրա՝ վերջիններիս ուսուցման եւ իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով,
- Ականների եւ/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների հայտնաբերման, ականային պատահարների եւ ականներից տուժած անձանց մասին տեղեկությունների փոխանցում ՀԱՓԿ-ին,
- Հակաականային գործողություններում տեխնիկական եւ մասնագիտական օժանդակության տրամադրում,
- Հակաականային գործողությունների եւ աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
ԱԻՆ-ում նշել են, որ նախատեսվում է համայնքների անձնագրերում ընդգրկել տեղեկություններ՝ այնտեղ առկա ականապատ տարածքների մասին: