5/10/15. Կիտովանիի սխալը, կոալիցիան, Գուլիեւն ընդդեմ Սեզերի
Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-25
Կիտովանին սխալվում էր
Մարտի 19-ին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին հայտարարել էր, որ աբխազական հատվածով երկաթուղային հաղորդակցման վերաբացումը կարող է «շահավետ լինել միայն Հայաստանի համար»:
[[gallery1]]
«Արտասահմանի ազդեցիկ հայկական սփյուռքը ներգործում է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի վրա, եւ նա ստիպված կլինի համաձայնել Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հետ»,- ասում էր Թենգիզ Կիտովանին «Փրայմ-Նյուզ» գործակալությանը տված հարցազրույցում:
Պատերազմն Իրաքում
«Հայաստանում մտահոգությամբ են հետեւում Իրաքի շուրջ վերջին զարգացումներին»,- մարտի 20-ին հայտարարել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը: «Հուսով ենք, որ ռազմական գործողությունները չեն հանգեցնի մարդասիրական եւ էկոլոգիական աղետի»,- ասված էր նրա հաղորդագրության մեջ:
Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ «Հայաստանը խորապես մտահոգված է իրաքահայության ճակատագրով եւ պատրաստ է իր բոլոր հնարավորություններով օգտակար լինել համայնքի ներկայացուցիչներին»:
Մարտի 22-ին Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի դիտարկում Երեւանում Իրաքի դեսպանության հետ հարաբերությունները խզելու հարցը: Նա այսպես էր մեկնաբանել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերի հայտարարությունը, որով նա բոլոր երկրներին կոչ էր արել խզել հարաբերությունները Իրաքի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:
Գուլիեւն ընդդեմ Սեզերի
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը մարտի 25-ին հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի շնորհավորական ուղերձը դիտարկում է որպես «անհասկանալի ժեստ»:
[[gallery2]]
«Հնարավոր է, Թուրքիայի ղեկավարությունը հղել է շնորհավորանքը` ելնելով արարողակարգի կանոններից: Սակայն դա միեւնույն է անհասկանալի է մնում մեզ համար: Քոչարյանը մասնակցել է ադրբեջանական տարածքների բռնազավթմանը, հազարավոր մեր հայրենակիցների զանգվածային ոչնչացմանը»,- ասել էր Վիլայաթ Գուլիեւը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-25
ԼՂՀ ճանաչումը բացառված չէ
Մարտի 20-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր բացառել, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ոչ կառուցողական քայլերը, «Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու նրա հետ համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր կկնքի»:
Նա այսպես էր մեկնաբանել պաշտոնական Բաքվի քայլերը` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի բանաձեւի ընդունումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին քննադատություններն ու վերջինիս գործունեության կասեցման փորձերը:
«Իմ կարծիքով, այդ բոլոր քայլերի պատճառը Կոսովոյի անկախության հռչակումն է, որը չափազանց մտահոգում է Բաքվին»,- ասել էր ՀՀ նախագահը:
Կոալիցիա
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) եւ «Դաշնակցություն» կուսակցությունները մարտի 21-ին Երեւանում քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին քառակողմ համաձայնագիր ստորագրեցին:
[[gallery3]]
ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրված համաձայնագիրն «աննախադեպ» էր անվանել եւ հայտարարել էր, որ «քաղաքական կոալիցիայի ստեղծման նպատակը Հայաստանում ծավալուն եւ լրջագույն բարեփոխումների իրագործումն է»:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-25
Հռոմի Պապի գահակալությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին Վատիկանում ներկա էր գտնվել Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությանը:
[[gallery4]]
ՀՀ նախագահը շնորհավորել էր Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Նա փաստել էր, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռը զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:
Ընդլայնել «Արմենիկումի» գործածությունը
Մարտի 25-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել «Արմենիկում» դեղամիջոցի գործածության շրջանակներն ընդլայնելու համար:
Նախարարը հանձնարարել էր ստեղծել մասնագիտական հանձնաժողով, ամփոփել մինչեւ այժմ արված հետազոտական ու կլինիկական բոլոր փորձարկումների արդյունքները, դրանք համեմատել դեղի միջազգային շուկայում առկա համանման դեղամիջոցների հետ` կազմելով հստակ ծրագիր ու գործողությունների ժամանակացույց։ Դերենիկ Դումանյանն առաջարկել էր սկզբնական շրջանում «Արմենիկումի» հետագա գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումներն իրականացնել որպես հակավիրուսային եւ իմունակարգավորիչ միջոց։
Այժմ քննարկվում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի փակման հարցը:
Արա Թադեւոսյան