Իսպանական այս քաղաքը մեկուսացվել է արտաքին աշխարհից և կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրել. CNN
Իսպանիայի հարավում գտնվող Սաարա դե կա Սիեռա միջնաբերդ-քաղաքը, որը միջնադարում կռվի ասպարեզ է եղել արաբների և քրիստոնյաների համար, այնուհետև թալանվել է ֆրանսիացիների կողմից, հաջողությամբ դիմակայում է կորոնավիրուսի տարածմանը:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, անդալուսական այս քաղաքը մարտի 14-ին ամբողջովին մեկուսացվել է՝ կտրվելով արտաքին աշխարհից, երբ կորոնավիրուսի համավարակը տարածվում է Իսպանիայով մեկ: Սաարայի 40-ամյա քաղաքապետ Սանտիագո Գալվանը որոշում է կայացրել արգելափակել քաղաքի 5 մուտքերից 4-ը: Այդ որոշումը նա կայացրել է, երբ Իսպանիայում «արտակարգ ռեժիմ է» է հայտարարվել:
Մինչ օրս Սաարայի 1400 բնակիչների շրջանում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: Մինչդեռ թագավորության տարածքում վարակվածների թիվը հասել է 124 736-ի, իսկ մահացածներինը՝ 11 744-ի:
Հարևան քաղաքներն ու մոտակա գյուղերը հիվանդության տարածման և անգամ մահվան դեպքեր են արձանագրել, սակայն Սաարան, որի բնակչության մեկ քառորդը 65-ից բարձր տարիքի են, կորոնավիրուսի ներթափանցման դեպք չի արձանագրել: