Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով
«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, որն իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Այս տարի լրանում է նրա դատապարտման 20 տարին: Նաիրի Հունանյանը պայմանական վաղակետի համար դիմում է ներկայացրել, այդ դիմումն ընթացքի մեջ է»,- ասաց նա:
Նշենք, որ մի քանի օրից լրանում է «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի 20 տարին:
Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է: