Բարեգործության անվան տակ հանդես եկող «Զին տաքսին» հրաժարվում է տեղեկություն տրամադրել իր գործունեության վերաբերյալ
«Զին տաքսի» ընկերությունը գովազդային հրապարակումներ է անում այն մասին, որ իր գործունեության արդյունքում ստացած եկամտի 80 %-ը ծախսում է բարեգործական նպատակներով, գումարը հատկացնում է բանակին, զինվորներին: Սակայն, ֆեյսբուքյան էջը զինվորների լուսանկարներով հեղեղող «Զին տաքսին» հրաժարվում է տեղեկություններ հրապարակել իր ստացած եկամտի, իր կողմից նշած՝ բարեգործությանը տրամադրվող գումարի մասին:
Արդեն հայտնել ենք, որ Tert.am-ը նոյեմբերի սկզբից «Զին տաքսիից» տեղեկատվություն է խնդրել տաքսի ծառայության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև իրենց նշած՝ բարեգործության չափի, ապացույցների վերաբերյալ:
Tert.am-ը մի քանի անգամ զրուցել է Արսեն Մարգարյանի հետ, ով «Զինվորի քավոր Մարգարյան բարեգործական» հիմնադրամի ղեկավարն է, որին պատկանում է «Զին տաքսին»:
Մոտ չորս ամիս է Արսեն Մարգարյանը «համոզում է»,որ փաստաթղթերը կարգին են, տունն էլ է վաճառել բարեգործության համար, բայց փաստաթղթերը հաշվապահը դասավորում է, որ հրապարակեն:
Վերջին մեկ շաբաթում Արսեն Մարգարյանը չի պատասխանում Tert.am-ի զանգերին, անծանոթ համարներին էլ հենց լսում է, որ զանգահարողը Tert.am-ից է, անջատում է հեռախոսը: