Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Nissan մակնիշի և «Հայփոստի» մեքենաները. կան վիրավորներ (լուսանկարներ)
Երևան-Երասխ ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել երկու մեքենա, որոնցից մեկը «Հայփոստի» մեքենան է: Այս մասին տեղից հայտնում է Tert.am-ի լրագրողը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Nissan մակնիշի մեքենան հետին մասից հարվածել է «Հայփոստի» մեքենային, և երկուսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Երկու մեքենաներում էլ եղել են միայն վարորդները, որոնք վիրավորում են ստացել, սակայն երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:
Nissan մակնիշի մեքենայի վարորդը շտապ օգնությամբ տեղափոխվել է արդեն հիվանդանոց: Տեղում են ԱԻՆ աշխատակիցներ, իսկ Ճանապարհային ոստիկանությունը դեռ չի ժամանել: