Թրամփի 7-ամյա կողմնակիցը, տաք շոկոլադ վաճառելով, Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 6000 դոլար է հավաքել (լուսանկարներ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում Բենթոն Սթիվենս անունով 7-ամյա տղան փողոցում վաճառասեղան է դրել և տաք շոկոլադ վաճառելով գումար հավաքել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, գրում է Daily Mail-ը:
Տղայի ծնողները, որոնք Հանրապետական կուսակցության աջակիցներ են, պատմել են, թե ինչպես է տղան դիտել նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում դրության մասին ամենամյա զեկույցը և հետաքրքրվել կառուցվելիք պատով, ապա նախաձեռնության համար գումար հանգանակելու ցանկություն հայտնել:
Տղայի մայրը՝ Ջենիֆերը, պատմել է, որ իրենք ընտանիքում հաճախ են քաղաքական հարցեր քննարկում և կիսում իրենց տեսակետները որդու հետ:
«Մարդկանց կարծիքով՝ մենք լվանում ենք երեխայի ուղեղը, իսկ ես կասեմ, որ դա դաստիարակություն է. մենք մեր որդուն ենք փոխանցում մեր արժեքները»,- ասել է նա:
Շատերը հավանություն չեն տվել տղայի նախաձեռնությանը, սակայն այն արդեն հասցրել է հայտնի դառնալ սոցկայքերում: Չնայած դրան՝ Բենթոնի ծնողները որոշել են հանել վաճառասեղանը:
Անցորդներից մեկը երեխային «փոքրիկ Հիտլեր է անվանել», սակայն գտնվել են նաև մարդիկ, որոնք, անկախ քաղաքական հայացքներից, դատապարտել են երեխայի նկատմամբ նման բացասական դրսևորումները:
Բենթոնն արդեն հասցրել է նախաձեռնության շրջանակում 6000 դոլար հավաքել, սակայն երաշխավորված չէ, որ այդ գումարը կուղղվի պատի կառուցմանը: Ինչպես պարզաբանում է պարբերականը, դաշնային կառավարությանն արված նվիրատվությունները դասակարգվում են որպես «նվեր Միացյալ Նահանգներին», իսկ դրանք երկրի անվտանգության վարչությանն ուղղելու համար Կոնգրեսի թույլտվությունն է հարկավոր: