Հայտնի ու նոր դերասանների մասնակցությամբ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալն ու նկարահանումները Եգիպտոսում
Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն այս օրերին նկարահանում է իր նոր հեռուստասերիալը` «Մոր խոստումը», որի նկարահանումների համար իր թիմը մեկնել էր Եգիպտոս։ Նոր նախագծի առաջին մանրամասները Ելենան վստահել է Tert.am Life-ին։
Նոր նախագիծն ATV հեռուստաընկերության եթերում կլինի հունվարի 7–ից։ Ելենայի փոխանցմամբ` այն մի կնոջ մասին է, որն ինչ–ինչ իրադարձություններից հետո զրկվել է երեխաների խնամակալության իրավունքից և պայքարում է դրա վերականգնման համար։
«Մեր մյուս նախագծի` «Դեբետի գաղտնիքի» նախապատրաստական աշխատանքների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցների հետ։ Ես ու իմ ընկերները մտածում էինք, որ Հայաստանում ընտանեկան բռնություն այդքան շատ չկա, սակայն ընտանեկան բռնության մասին այնքան ինֆորմացիա ունեցանք, որ մի նախագիծը շատ քիչ էր դրան անդրադառնալու համար։ Կանայք հիմանկանում տեղյակ չեն` ինչ իրավունքներ ունեն, իրավագիտակցությունը բավականին ցածր է։ Մենք հասկանում ենք, որ սերիալ արտադրելով բավականին մեծ լսարանի հետ ենք աշխատում և որոշեցինք համատեղել օգտակարը ժամանցի հետ՝ ստեղծելով նոր նախագիծ, որտեղ կխոսենք կանանց իրավունքների մասին։ Իհարկե, դա համադրում ենք սերիալային նյուանսների, կուլիմիանացիոն զարգացումների հետ, բայց և ներկայացնում ենք կնոջ իրավունքները, օրինակ, թե որ դեպքում իրեն կարող են զրկել մայրական իրավունքից, որ դեպքում` ոչ։ Սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ երկար բանավեճերից, քննարկումներից հետո ստեղծվեց մեր 17–րդ համատեղ նախագիծը»,– պատմեց Ելենան։
Դիտարկմանը, որ որքան էլ հեռուստասերիալների պրոդյուսերները նշում են, որ կարմիր թելով ներկայացվում է այս կամ այն երևույթը, հանրությունը հիմնականում ընկալում, հետագայում նաև քննադատում է ներկայացվող «ողբը», «բռնությունը», Ելենան արձագանքեց, որ չի ուզում իր վրա վերցնել մարդկանց ինչ–որ բան սովորեցնելու բարդ պարտականությունը։
«Սերիալը ժամանցի համար է։ Երբևէ մեր ոչ մի նախագծում բռնությունը որպես այդպիսին չի ներկայացվում։ Ես չեմ ընդունում, երբ մարդիկ ասում են` ուսուցողական բնույթ է կրում։ Բռնությունը բռնություն է, ուսուցողական է, թե ոչ, այլ խնդիր է։ Փորձում եմ հնարավորինս նուրբ ներկայացնել, եթե նույնիսկ խոսքը բռնաբարության մասին է, բայց խուսափել այդ ամենից ու ամեն ինչ ներկայացնել վարդագույն ակնոցով, համաձայն չեմ։ Նաև համաձայն չեմ, երբ ասում են, որ Հայաստանում չկա բռնություն, կա ու բավականին մեծ թվերի է հասնում։ Վիճակագրությունը վախեցնող է։ Մենք ներկայացնում ենք իրավիճակն ու դրանից հնարավոր ելքերը։ Թե մարդիկ որքանով կվերցնեն դա, անհատական է։ Ես չեմ կարող միանշանակ ասել, թե բոլորը վերցնում են այն, ինչ ուզում ենք տալ, բայց օրինակ թրաֆիքինգի մասին նկարահանված ֆիլմից` «Դեպի վայրէջքից» հետո բավականին շատ արձագանքներ ստացանք»,– ասաց ռեժիսորը։
Նոր հեռուստասերիալում խաղում են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր դերասաններ, որոնք առաջին անգամ կլինեն էկրանին։ «Չդավաճանելով իմ սկզբունքներին, որոշել եմ էկրան բարձրացնել ինչպես բոլորի կողմից սիրված դեմքերի, վաստակավոր դերասանների, այնպես էլ երիտասարդների, որոնք առաջին անգամ են լինելու էկրանին։ Իհարկե, այս դեպքում էլ ընտրել եմ մարդկանց, որոնք ունեն համապատասխան կրթություն։ Ունեմ մի աղջիկ` մոդել Սրբուհի Ավանեսյանը, որն ինչ–ինչ պատճառներով դուրս է մնացել Թատերական ինստիտուտից, բայց ես կարծում եմ, որ նա արժանի է լինել էկրաններին։ Շատ եմ կարոտել իմ Սոֆչկայի` Սոֆի Դևոյան կրտսերի հետ աշխատանքը։ Չեմ վախենա ասել, որ իր դերասանական առաջին քայլերը միասին ենք սկսել, երբ նա դեռ 6-7 տարեկան էր։ Գլխավոր դերակատարուհուն երկար եմ փնտրել։ Որքան էլ շատ դերասաններ ինձ հետ չհամաձայնեն, կարծում եմ` դերասանուհու համար շատ դժվար է խաղալ մայր, եթե ինքը մայր չէ։ Դա այն զգացողությունն է, որը միայն մայրը կարող է ունենալ։ Իհարկե, կան բացառություններ, բայց ես ուզում էի, որ հերոսուհուն մայր խաղար։ Ի վերջո, գտա Օֆելյա Զաքարյան, որը վերջերս է մայրացել` 1 տարեկան փոքրիկ ունի։ Շատ համառ ու պատրաստակամ դերասանուհի է»,– նկատեց Ելենան:
Հեռուստասերիալում խաղում են Սամվել Սարգսյանը, Արմեն Սողոյանը, Անուշիկ Առաքելյանը, Վահագն Գալստյանը, Լուսինե Արշակյանը, Արման Խաչատրյանը, Հռիփսիմե Սարգսյանը, Աշոտ Կարապետյանը և այլք։
«Կարծում եմ` դերասանական լավ կազմ եմ հավաքել։ Սցենարն էլ գրված է ազնվությամբ, փաստաբանների, իրավանբանների հետ խորհրդակցությունից հետո։ Միաժամանակ, ամեն բան ներկայացնում ենք հասկանալի, ոչ թե իրավաբանական լեզվով։ Կարծում եմ` այս նախագիծը ևս պատվով կներկայացնենք»։
Ստեղծագործական թիմն օրերս է վերադարձել Եգիպտոսից, որտեղ նկարահանել են հեռուստասերիալի որոշ տեսարաններ։ «Սցենարով գործողությունների որոշակի մաս կատարվում էր Եգիպտոսում, այնպես որ, պետք է մեկնեինք։ Մեզ հետ նկարահանման էին մեկնել Վահագն Գալստյանը, Գևորգ Գրիգորյանը և գլխավոր դերակատարուհին` Օֆելյա Զաքարյանը։ Շատ լավ նկարահանումներ ունեցանք, շատ գեղեցիկ տեսարաններ ենք նկարահանել։ Հրաշալի տպավորություններով ենք վերադարձել»,– ասաց Ելենան ու շնորհակալություն հայտնեց իր թիմին` շեշտելով, որ առանց նրանց չէր կարող ունենալ այն արտադրանքը, որն ուզում է։
Եգիպտոսի նկարահանումների հիմնական մասը ստղծագործական թիմն արել է հյուրանոցում և ծովափին։ «Հյուրանոցի սահմաններից դուրս ևս մի քանի տեսարան ենք նկարահանել, բայց բոլորս հասկանում ենք, որ դա շատ բարդ էր, քանի որ մի շարք խնդիրներ են առաջանում»,– նկատեց ռեժիսորը։ Նախագծի նկարահանումների ավարտից հետո ստեղծագործական թիմը 2 օր էլ հասցրել է հանգստանալ և թարմ ուժերով վերադառնալ երևանյան նկարահանումներին։