Դատարանը վերացրեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանքը
Վերաքննիչ դատարանը երեկ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացրել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանքը։
Այլ խափանման միջոց Հարությունյանի նկատմամբ չի ընտրվել։
Թե ի՞նչ հիմքով է Վերաքննիչ դատարանը նման որոշում կայացրել, Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը տեղյակ չէ։ «Ազատության» հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ դատարանի որոշումը դեռ չի վերցրել։
Նոյեմբերի 2-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունն ու կալանավորել Վահագն Հարությունյանին։
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարն, ըստ Հատուկ քննչական ծառայության, մեղադրվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված:
Ըստ մեղադրանքի, Հարությունյանի ցուցումով մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով։
Հարությունյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել էր, թե ինքը հուլիսից գտնվում է Մոսկվայում՝ սիրտանոթային խնդիրները բուժելու նպատակով։ Քննչական խմբի նախկին ղեկավարը պնդեց, թե մեղադրանքն ուղղորդված է, սակայն չնշեց՝ ում կողմից։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: