Նոր սիրտ ու Դրեյքի հետ հանդիպում. հայտնի ռեփերն իրագործել է սրտի փոխպատվաստման կարիք ունեցող 11-ամյա աղջկա երազանքը (լուսանկարներ, տեսանյութեր)
Կանադացի հայտնի ռեփեր Դրեյքն իսկական անակնկալ է մատուցել իր երկրպագուներից մեկին՝ Չիկագոյի մանկական հիվանդանոցում գտնվող 11-ամյա Սոֆյա Սանչեսին, որը երկու բաղձալի երազանք ուներ՝ նոր սիրտ ստանալ ու հանդիպել Դրեյքին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ռեփերը կատարել է աղջկա ցանկությունն ու այցելության գնացել նրան:
Համացանցում տարածվել է աստղի ու աղջնակի հանդիպման տեսանյութը, որում երևում է, որ Սոֆյան ուղղակի շոկի է մատնվել՝ տեսնելով աստղին:
«Դե ինչ, դու ինձ խնդրեցիր գալ, ես էլ եկա»,- ժպտալով ասել է ռեփերը:
Մի քանի բառ փոխանակելուց ու հուզմունքը հաղթահարելուց հետո, Սոֆյան հիվանդանոցային մահճակալից նետվել է Դրեյքի կողմն ու փաթաթվել նրան:
Աղջիկը նշել է, որ Դրեյքի հետ հանդիպումն իր կյանքի լավագույն պահերից մեկն էր:
Աղբյուրը հավելում է, որ ռեփերն աղջկա մասին իմացել էր Instagram-ից, որտեղ տեսել էր նրա մասնակցությամբ Kiki Challenge-ի տեսահոլովակը: