Լուսնի մակերևույթին սառույց է հայտնաբերվել. ՆԱՍԱ
Երկրի բնական արբանյակի հյուսիսային ու հարավային բևեռներում հայտնաբերվել է սառույց, տեղեկացնում է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն՝ նկատելով, որ այն ապագայում կարող է Լուսնի վրա մարդկանց համար որպես ջրի աղբյուր ծառայել:
Հայտնի է, որ աստղագետները սառած ջրի հետքերը նկատել են տիեզերքից ստացված նոր տվյալների ուսումնասիրության արդյունքում: Մասնագետները պարզել են, որ սառցային հատվածները մշտապես գտնվում են ստվերում ու լավ պաշտպանված են արևի ճառագայթների ազդեցությունից:
Ըստ մասնագետների՝ արբանյակի տվյալ հատվածներում ջերմաստիճանը չի բարձրանում ըստ Ցելսիուսի սանդղակի -163 աստիճանից:
Հետաքրքրական է, որ սառույցի մեծ մասը գտնվում է Լուսնի հարավային բևեռում՝ հրաբխային խառնարանների կլաստերների մոտակայքում:
Մասնագետներն ընդգծել են, որ սառցային պաշարներն ապագայում կարող են օգտագործվել Լուսնի վրա հետազոտություններով զբաղվող մարդկանց կողմից: