ՌԴ-ն ցանկանում է համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ «Սկրիպալի գործի» հետաքննության հարցով. Լոնդոնում ՌԴ դեսպան
Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է համագործակցել Լոնդոնի հետ՝ բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի թունավորման գործի հետաքննության հարցով: Այս մասին գրում է Salisbury Journal-ը:
Յակովենկոյի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է օգնել Մեծ Բրիտանիային «պարզել ճշմարտությունն ու պաշտպանել Ռուսաստանի քաղաքացիների կյանքը»:
Նա նաև հավելել է, որ հետաքննության համար վատնած բավական երկար ժամանակը Բրիտանիային «բարդ դրության» մեջ է դնում: Միևնույն ժամանակ՝ դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտեսը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել: