«Մեր հանդեպ անհարգալից վերաբերմունքին պետք է վերջ դրվի». Հունաստանը մեղադրել է Ռուսաստանին իրենց ներքին հարցերին միջամտելու փորձի համար
Հունաստանի արտգործնախարարությունն անհարգալից է որակել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ Աթենքից երկու ռուս դիվանագետների արտաքսման մասին հայտարարությունը, նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
«ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունները երրորդ երկրի հանդեպ հարգանքի բացակայության ու ժամանակակից աշխարհը չհասկանալու տիպիկ օրինակ են», - ասված է տարածված հայտարարության մեջ, որում նաև ընդգծվում է, որ ՌԴ-ն դեռևս չի ընկալում, որ ժամանակակից աշխարհում երկրներն, անկախ իրենց տարածքային չափերից, ունակ են իրականացնել անկախ, բազմակողմանի ու ժողովրդավար արտաքին քաղաքականություն։
Հիշեցնենք, որ Զախարովան, մեկնաբանելով Հունաստանից երկու ռուս դիվանագետների արտաքսման որոշումը, հայտարարել էր, որ այդ ամենը քաղաքական «խաղի» արդյունք է, որի հետևում կանգնած է ԱՄՆ-ն։
Աթենքից, սակայն, ընդգծել են, որ, ամենայն հավանականությամբ, հենց նման բացասական մտածելակերպն է դրդել ռուս դիվանագետներին միջամտել Հունաստանի ներքին գործերին, ինչն էլ պատճառ է դարձել նրանց արտաքսման։
«Հունաստանի հանդեպ մշտական անհարգալից վերաբերմունքին պետք է վերջ դրվի։ Ոչ ոք չի կարող և իրավունք չունի միջամտել Հունաստանի ներքին գործերին», - նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հունական կողմը նաև հերքում է այն պնդումները, թե դիվանագետներին արտաքսելու որոշման հետևում կարող է կանգնած լինել որևէ երրորդ երկիր։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Հունաստանը հայտարարել է երկու ռուս դիվանագետի արտաքսման որոշման մասին, բացի այդ՝ արգելվել է ՌԴ 2 քաղաքացու մուտքը Հունաստան։