Պուտինն ու Թրամփը քննարկելու են Սիրիայում Իրանի ներկայությունը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը քննարկելու է Իրանի՝ Սիրիայում ներկայությունը:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Քննարկվելու է սիրիական ճգնաժամը՝ այդ թվում նաև այնտեղ Իրանի ներկայության հարցը: Դա սիրիական խնդրի հիմնական մասերից է»,-լրագրողներին ասել է Ուշակովը:
Հայտնի է, որ Թրամփը բավական կոշտ դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Իրանն աշխարհում թիվ մեկ ահաբեկչական պետությունն է», որն ապակայունացնում է Մերձավոր Արևելքում տիրող առանց այն էլ բարդ վիճակը:
Հավելենք, որ Իրանի՝ Սիրիայի տարածքից հեռացումն է ցանկանում ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակից Իսրայելը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել էր, որ Սիրիայում իրանական ներկայությունը կպահպանվի այնքան, որքան պաշտոնական Դամասկոսը դա ցանկանա:
«Ոչ ոք չի կարող ստիպել Իրանին դա անել: Քանի դեռ կա ահաբեկչություն և քանի դեռ Սիրիայի կառավարությունը դա ցանկանում է, Իրանը կպահպանի իր ներկայությունը: Երկիրը պետք է լքեն նրանք, ովքեր առանց Սիրիայի իշխանությունների թույլտվության մտել են այնտեղ»,- ասել է Ղասեմին