ԱՄՆ-ն հստակ տեսնում է, որ ռուսական զենքն այս տարածաշրջանը վերածում է վառոդի տակառի, որը կարող է ամեն փոքր բանից պայթել. Արամ Սարգսյան (տեսանյութ)
Հակամարտող երկրներին զենք մատակարարելը միջազգային հանրության կողմից չի խրախուսվում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով ԱՄՆ կողմից հնչեցրած ծանուցման մասին, թե Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիր ընկերությունների հետ «էական գործարքներ» կնքելու պարագայում չի բացառվում սահմանվեն պատժամիջոցներ:
«ԱՄՆ-ն միջազգային կանոններով հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը արգելված գործունեություն են ծավալում, որովհետև խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով խնդրի լուծումն է: ԱՄՆ-ն հստակ տեսնում է, որ հանձինս ռուսական զենքի այս տարածաշրջանը վերածվում է վառոդի տակառի, որը կարող է ամեն փոքր բանից պայթել, ուստի իր ձեռքի տակ եղած քաղաքական բոլոր հնարավորություններով փորձում է դրա դեմն առնել, ինչը ես ողջունում եմ»,- ասաց Արամ Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ ԱՄՆ կողմից արված զգուշացումն ավելի շատ վերաբերում է Ադրբեջանին, քան՝ Հայաստանին, որովհետև պաշտոնական Բաքուն է, որ 5 միլիարդ դոլարից ավել զենքի գնման պայմանագիր ունի ՌԴ հետ:
«Միայն Ադրբեջանին զգուշացնելն այդքան էլ ճիշտ չէր լինի, որովհետև Հայաստանի զենքի մեծ մասը ռուսական է, ուստի արվում է ընդհանուր հայտարարություն: Եթե շատ մեծ ծավալների զենք գնվի, չեմ բացառում, որ իսկապես սահմանվեն պատժամիջոցներ այն կազմակերպությունների հետ, ովքեր պայմանագրեր կկնքեն ռուսական ռազմա-արդյունաբերական համալիր ընկերությունների հետ»,- նշեց Սարգսյանը:
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը չի կարող մատների արանքով նայել ԱՄՆ կողմից արված զգուշացմանը, որովհետև Միացյալ Նահանգները այն պետություն չէ, որ հերթական միտք հնչեցնի, բայց քայլեր չնախաձեռնի:
Դիտարկմանը, թե փորձագետները կարծում են, որ Ադրբեջանն ունի գումար և կարող է զենք գնել ցանկացած երկրից, ինչը և արվում էր մինչև 2010թ.-ը, ապա Արամ Սարգսյանն ասաց, որ ԱՄՆ համար տարբերություն կա, թե որտեղից է սպառազինություն գնում Բաքուն:
«Չեմ կարծում, որ որևէ երրորդ երկիր՝ իմանալով նրա մասին, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի դեմ՝ ռուսական զենք գնելու համար, կհամաձայնեն խոշոր չափերի զենք վաճառելու գործարքներ կնքեն Ադրբեջանի հետ: ԱՄՆ-ն Իսրայելի վրա ազդեցության լուրջ լծակներ ունի: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը զենք զինամթերքի ոչ թե մեկ, այլ մի քանի պատերազմի պաշարներ ունեն: Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, երկու կողմն էլ զենք կգնեն առանց հաշվի առնելու այդ պատժամիջոցները, բայց մենք պետք է այնպես անենք, որ պատերազմ չլինի»,- մանրամասնեց Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։