Սիրիայի քրդերն ամերիկյան զորքի հետ քաշվելու որոշումից հետո սկսել են բանակցել Ասադի ռեժիմի հետ. CNN Turk
Սիրիայի հյուսիսում քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հրամանատարությունը սկսել է բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի ներկայացուցիչների հետ, այս մասին գրում է CNN Turk-ը:
Նշվում է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են թուրքական ԶՈւ-ի հնարավոր հարձակման դեպքում միասնական պատասխան գործողության հավանականությունը, Սիրիայի տարածքից ամերիկյան զորքի դուրսբերումն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում քուրդ զինյալների ազատագրած նավթի արդյունահանման տարածքները Սիրիայի իշխանությունների վերահսկողությանը վերադարձնելու հարցերը:
Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել Սիրիայի իշխանությունների կամ քրդական ջոկատների պաշտոնական խոսնակների կողմից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ: Այդ տարածքներում գտնվող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումն այդ ժամանակ կոչ էր արել Ասադի ռեժիմին աջակցել իրենց թուրքական ԶՈւ-ի դեմ դիմակայության գործողություններում:
Թուրքիայի հնարավոր հարձակումից առաջ քրդերի դաշնակից ԱՄՆ-ի՝ Սիրիայի տարածքից զորքի դուրսբերման որոշումից հետո «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը չէին բացառել քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հետ միավորումը և թուրքական ԶՈւ-ի դեմ համատեղ պաշտպանական գործողության կազմակերպումը:
Իսկ ԱՄՆ-ի հետքայլը քրդերը որակել էին որպես «հարված թիկունքից»:
Ավելի վաղ Ասադը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ «դավաճան» է անվանել Սիրիայի հյուսիսում կռվող զինված քրդական ջոկատներին՝ շեշտելով, որ նրանք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից:
Ասադի հայտարարությանն ի պատասխան «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը պատասխան հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե բոլորովին չեն զարմացել նախագահի նման հայտարարությունից և մեղադրել էր նրան ժողովրդի մեջ խռովություն տարածելու համար:
«Իսկական դավաճանը քո կառավարությունն է», - ասվում էր պատասխան հայտարարության մեջ: