ԱՄՆ Նախագահի հայտարարած սահմանափակումները չեն տարածվում երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների վրա. ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ Նախագահի հայտարարած սահմանափակումները չեն տարածվում երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների վրա, եթե նրանք վիզայի դիմում են ներկայացնում հայկական անձնագրով. այս մասին Tert.am-ին տեղեկացրին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:
Նշենք, որ Tert.am-ի խմբագրություն էին դիմել քաղաքացիներ՝ պարզելու` արդյոք ՀՀ-ի քաղաքացիություն ունեցող (այսինքն՝ երկքաղաքացիություն ունեցող) Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների վրա տարածվո՞ւմ է ԱՄՆ նախագահի` վիզաներ չտրամադրելու որոշումը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Գերագույն դատարանը լիազորել էր Դոնալդ Թրամփի վարչակազմին լիարժեք իրականացնել ներգաղթի մասին հրամանագրի բոլոր դրույթները, որն արգելում է վեց երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Արգելքը վերաբերում է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Չադի քաղաքացիներին: Բացի այդ, Թրամփն առանձին արգելել է նաեւ ԿԺԴՀ քաղաքացիների և Վենեսուելայի պաշտոնյաների մուտքը: